Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԻՊՐՈՍԻՆ 1 ՄԼՐԴ ԵՎՐՈ ԾԱՎԱԼՈՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Կիպրոսին 1 մլրդ եվրո (1,3 մլրդ ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով վարկի տրամադրումը: Սպասվում է, որ առաջին վարկային տրանշը կկազմի 110,7 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄՀ հայտարարության մեջ նշվում է, որ վարկային միջոցները կուղղվեն երկրի ֆինանսական համակարգի կայունացմանը, ինչպես նաև սոցիալական ծախսերի և հարկաբյուջետային ծրագրերի ֆինանսավորմանը:

Հիշեցնենք, որ Կիպրոսն իր միջազգային վարկատուներից՝ ԱՄՀ-ից և Եվրամիությունից, պետք է ստանա, ընդհանուր առմամբ, 10 մլրդ եվրոյի վարկ:

Եվրամիության կողմից տրամադրվելիք 9 մլրդ եվրո վարկի առաջին տրանշը՝ 3 մլրդ եվրո ծավալով, Կիպրոսը ստացել էր մայիսի 13-ին:

Նշենք, որ Եվրահանձնաժողովի վերջին պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարում Կիպրոսի ՀՆԱ-ն կկրճատվի 8,7%-ով, իսկ 2014 թվականին` 3,9%-ով:

2012 թվականի արդյունքներով Կիպրոսի տնտեսությունը գրանցել էր 2,4% անկում:

Share