Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՍՊԱՅԿԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Այսօր հրավիրված կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է անցած գիշեր «Սպայկա» ընկերության շենքերից մեկում ծագած հրդեհին, որը մինչև առավոտ բավական մեծ ծավալ էր ստացել։ 

Պատասխանելով վարչապետի հարցին՝ թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ հրդեհը, ՀՀ բնապահպանության նախարարը զեկուցել է, որ, իրոք, հրդեհի ծավալը մեծ էր` 1500 և ավելի քառակուսի մետր։ Ավտոմատ կայանների և շարժական լաբորատորիայի միջոցով անընդհատ վերահսկվել է օդի աղտոտվածության մակարդակը։ Ծխի ամպն առաջացել է պլաստիկ տարայի և այլ սարքավորումների այրումից։ Նախարարը հավաստիացրել է, որ նախնական տվյալներով՝ որևէ անհանգստացնող խնդիր չկա։ Օրվա վերջում պատկերն առավել ամբողջական կլինի և կառավարությանն ու հանրությանը համապատասխան տեղեկություն կտրվի։ 

Այնուհետև, դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ Տիգրան Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ հրդեհի հետևանքով տուժել են «Սպայկայի» արտադրական շենքը, սառնարանային տնտեսությունը, ուստի անհրաժեշտ է միջամտել և աշխատել ընկերության հետ, քանի որ դա էական նշանակություն կարող է ունենալ այս տարվա մթերումների համար։ 

«Միգուցե մենք կարողանանք այլ արտադրական տարածքներ առաջարկել, որպեսզի ընկերությունը ժամանակավորապես մթերումն այլ տարածքներում կազմակերպի, և այս հրդեհը գյուղատնտեսական աշխատանքներին վնաս չպատճառի»,-ասել է վարչապետը։

Նա հանձնարարել է հրավիրել «Սպայկայի» ղեկավարությանը և քննության առնել այդ հարցերը։  

Նախարարը հավաստիացրել է, որ համապատասխան լուծում կտրվի խնդրին։

Share