Բաժին. Տնտեսական

ԿՀԻՄՆՎԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Գերմանիայում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ռոբերտ Հուբերը և գերմանացի ձեռնարկատերեր, այցելել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Քննարկվել են Հայաստանի հետ տնտեսական գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:  

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը  ներկայացրել է Հայաստան-Գերմանիա ապրանքաշրջանառության ներկա մակարդակն ու ներքին պոտենցիալը, ինչի արդյունավետ իրականացմամբ արտահանման և ներկրման հարաբերակցությունը զգալիորեն կփոխվի։  

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, Գերմանիայի տնտեսական արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդերը, Գերմանիայում ՀՀ ԱԱՊ ներկայացուցիչ Ռոբերտ Հուբերը և «Քրոնիմետ» ընկերության գործադիր տնօրեն, Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունտեր Պիլարսկին միանշանակ փաստել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել տնտեսական կապերը հատկապես Հայաստանի մարզերում և որպես համագործակցության կոնկրետ ոլորտ նշել են գյուղատնտեսական մեքենաների համատեղ արտադրությունը։  

Մինի տրակտորներ արտադրող հայաստանյան «ՉԻՆ-ՎԱՆ» ընկերության նախագահ Սամվել Նաջարյանը համատեղ աշխատելու գործնական առաջարկ է արել՝ ներկայացնելով տվյալ ոլորտի զարգացման հեռանկարները։   

Երկուստեք նշել են պարբերաբար հանդիպումների և կոնկրետ առաջարկություններ անելու անհրաժեշտությունը։

Share