Բաժին. Տնտեսական

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՄԻԱՅՆ 7-8% Է ԱՐՏԱԴՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները գերմանական հայտնի «ՇՏԱԴԱ» դեղագործական կազմակերպության ղեկավարության հետ քննարկել են Հայաստանում դեղերի մատչելիության բարձրացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են, մասնավորապես, եվրոպական Պատշաճ արտադրական գործունեության կանոններին (GMP) համապատասխանող դեղերը մատչելի գներով Հայաստան ներմուծելու գործընթաց սկսելու հարցը:  

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշել է, որ այսօր հանրապետությունում շրջանառվող դեղերի միայն 7-8% է արտադրվում Հայաստանում, իսկ մնացած մասը ներմուծվում է այլ երկրներից: Կարևորելով բնակչության համար անհրաժեշտ դեղերով ապահովվածության խնդիրը` նախարարը ողջունել է «ՇՏԱԴԱ» կազմակերպության համագործակցության նախաձեռնությունը` դրանց մատչելիության ապահովման ուղղությամբ:  

Նախարար Դումանյանը «ՇՏԱԴԱ» կազմակերպության խորհրդի անդամներին ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկրում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացման նպատակով նոր կենտրոնների ստեղծմանը` այդ ենթատեքստում առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով հակաուռուցքային դեղերի առավել մատչելի գներով ձեռքբերումը։ Նախարարը հույս է հայտնել, որ «ՇՏԱԴԱ» կազմակերպության հետ նոր սկսվող համագործակցության արդյունքները կզգացվեն մոտ ապագայում:

«ՇՏԱԴԱ»-ն հիմնադրվել է 1895 թվականին Գերմանիայի Դաշնության Դրեզդեն քաղաքում: «ՇՏԱԴԱ» կազմակերպության ավելի քան 15 հազար արտադրատեսակները հիմնականում շրջանառվում են Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի և Իսպանիայի շուկաներում:

Share