Բաժին. Տնտեսական

ԲԻԼ ԳԵՅԹՍԸ ԿՐԿԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը «հետ է վերադարձրել» աշխարհի ամենահարուստ մարդու «կոչումը»: Bloomberg-ի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օր թարմացվող միլիարդատերերի վարկանիշում Բիլ Գեյթսն այժմ առաջին տեղում է: Մեքսիկացի մեդիամագնատ Կարլոս Սլիմը, ով վերջին երեք տարում վստահորեն գլխավորում էր աշխարհի հարուստ մարդկանց վարկանիշը, հայտնվել է երկրորդ տեղում:

Bloomberg-ի գնահատմամբ՝ այսօրվա՝ մայիսի 17-ի դրությամբ Բիլ Գեյթսի կարողությունը կազմում է 72,7 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Կարլոս Սլիմի կարողությունը գնահատվում է  72,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Բիլ Գեյթսը 1995 թվականից ի վեր՝ շուրջ 13 տարի, ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը: 2008 թվականին աշխարհի հարուստ մարդու «կոչմանն» արժանացել է ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը: 2009 թվականին Գեյթսը կրկին առաջ է անցել Բաֆեթից, սակայն հետագա տարիներին աշխարհի ամենահարուստ մարդու կոչումն «իրեն է պահել» Կարլոս Սլիմը:

Share