Բաժին. Տնտեսական

FACEBOOK-Ի IPO-ԻՑ ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ

Մայիսի 16-ին կայացած առևտրային շրջանի արդյունքներով Facebook-ի արժեթղթերի գինն ընկել է 1,8%-ով և կազմել 26,1 ԱՄՆ դոլար: Այսպիսով, ամերիկյան Nasdaq բորսայում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնելու պահից հետո անցած շուրջ մեկ տարվա ընթացքում սոցիալիական ցանցի արժեղթերի գինը գրանցել է շուրջ 33,3% անկում:

Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսի 18-ին կայացել էր Facebook-ի արժեթղթերով առաջին առևտրային շրջանը: Հայտերի անընդմեջ թարմացումներով և մեծաքանակ պատվերներով պայմանավորված՝ առաջացել էր ծրագրային խոտան, որի պատճառով առևտրային շրջանը մեկնարկել էր ուշացումով: Առևտրի շրջանների արդեն երկրորդ օրը Facebook-ի արժեթղթերի գինը սահմանվել էր IPO-ի ժամանակ ամրագրված գնից ցածր մակարդակում: Վերլուծաբաններն այդ ժամանակ հանդես էին եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ IPO-ի ժամանակ Facebook-ը «գերագնահատվել է»:

Facebook-ի IPO-ի շրջանակներում ընկերությունն իր արժեթղթերի համար սահմանել էր բավականին բարձր գին՝ 38 ԱՄՆ դոլար:

Անցած մեկ տարվա ընթացքում, չհաշված IPO-ի օրը, Facebook-ի արժեթղթերի ամենաբարձր գինը սահմանվել է հունիսին` 33 ԱՄՆ դոլար, ամենացածր գինը՝ սեպտեմբերին՝ 17,7 ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2012 թվականի մայիսին «վատ» IPO-ի համար ներդրողների մի խումբ դատական հայց էր ներկայացրել Facebook-ի դեմ:

Share