Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 35 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) միջև ստորագրվել է «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի՝ մեր երկրին կտրամադրվի 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք՝ 22 մլն 800 հազար Հատուկ փոխառության իրավունքի (ՀՓԻ) չափով վարկ: Այն կտրամադրվի 1.25% տոկոսադրույքով, 25 տարի մարման ժամկետով, որից 5 տարին՝ արտոնյալ:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:  

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, արդյունավետ բուժմանը և այդ հիվանդություններից մահացության կրճատմանն ուղղված սկրինինգային ծրագրեր բնակչության ռիսկային խմբերում, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգներ, ինչպես նաև բնակչության իրազեկման ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների վերաբերյալ:

Վարկային միջոցները կուղղվեն նաև Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճարտարապետա-շինարարական նախագծմանը, Ճառագայթային բուժման կենտրոնի շենքի շինարարությունը և Ճառագայթային բուժման կենտրոնի հագեցմանը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական պարագաներով և կահույքով, ինչպես նաև բուժման ուղեցույցների մշակմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև Երևան քաղաքի Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի արդիականացում: Կկատարվի կենտրոնի հիմնական բուժական և պոլիկլինիկական մասնաշենքերի հիմնանորոգում, կենտրոնի ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում: Օնկոհեմատոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետության բարելավման նպատակով նախատեսվում է կենտրոնում հիմնել ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզաներով քիմիաթերապիայի բաժանմունք:

Ֆինանսավորման ծրագիրը կաջակցի ՀՀ Լոռու մարզի առողջապահական համակարգի արդիականացմանը՝ շարունակելով և ավարտին հասցնելով մարզերում հիվանդանոցային օղակի բարելավումը: Նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի նոր բժշկական կենտրոնի կառուցում և հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Share