Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ IBM-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ

ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր՝ երկարաժամկետ համատեղ համագործակցության հնարավորություններն ու տարբերակներն ուսումնասիրելու նպատակով:

Հուշագիրը վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և IBM ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլևը:

Հիշեցնենք, որ երկկողմ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Տիգրան Սարգսյանի՝ նախորդ տարեվերջին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում:

Հեռանկարային համագործակցությունը ենթադրում է ՀՀ կառավարության կողմից սահմանված ռազմավարական գերակայություններին համապատասխան ուղղություններով, մասնավորապես, կրթական հաստատությունների, ՏՏ կազմակերպությունների, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների նորարարական ներուժի բացահայտում:

Հուշագրի շրջանակում կողմերը մտադիր են մշակել համաձայնագիր՝ ՀՀ-ում IBM-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ուղղությամբ ( Center for IBM Innovative Solutions and Technologies):

Հուշագրի շնորհիվ կողմերը կուսումնասիրեն IBM-ի կրթական ծրագրերում ՀՀ-ի կրթական հիմնարկների մասնակցության շրջանակը` տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, կիբեռանվտանգության և էլեկտրոնային առևտրի ոլորտներում գիտելիքներն ընդլայնելու նպատակով: Ուսումնական և մասնագիտական կարողությունների զարգացումը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանում հետազոտությունների և մշակման ուղղությամբ աշխատանքների, ինչպես նաև այլ համատեղ միջոցառումների կազմակերպման միջոցով:

Ստորագրված հուշագրի կապակցությամբ վարչապետը վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկկողմ նորարարական ծրագրերի իրականացմանը: «Վստահ եմ, որ մեր համագործակցությունը նոր թափ կհաղորդի նաև Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, որը մեր կառավարության համար առաջնային ուղղություններից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, որն ունի մեծ ազդեցություն նաև այլ ոլորտների արտադրողականության վրա: Համատեղելով IBM-ի և միջազգային լավագույն փորձը տեղական փորձի և տաղանդի հետ` մտադիր ենք հաստատել երկարաժամկետ համագործակցություն, որը նպաստի կայուն տնտեսական աճի և համաշխարհային շուկայում մրցունակության գրավական հանդիսացող տեղական ներուժի կառուցմանը»,- նշել է Կիրիլ Կորնիլևը:

Հուշագիրը ներկայացնում է ՀՀ կառավարության և IBM-ի պատրաստակամությունը ՀՀ-ում IBM-ի տեխնոլոգիաների/գործիքների կիրառմամբ նպաստել Հայաստանի ՓՄՁ-երի զարգացման մարտահրավերների հաղթահարմանը: Այս նպատակին հասնելու համար IBM-ի մասնագետների կողմից ՓՄՁ-երի համար կկազմակերպվեն վերապատրաստման ծրագրեր և սեմինարներ, ինչպես նաև կստեղծվի աջակցող միջավայր, որը կապահովի գործարար և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ծառայությունների մատուցումը ՓՄՁ-երին` նպաստելով Հայաստանում ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը:

«Ուրախ ենք այս երկարաժամկետ համագործակցությանը մասնակցելու հնարավորության համար, որն ուղղված կլինի Հայաստանում ՏՏ աշխատուժի արտադրողականության աճի և երկրի ՏՏ ներուժի օգտագործման միջոցով երկրի տնտեսական աճի ապահովմանը»,- նշել է IBM-ի փոխնախագահը:

Այս հուշագիրը ևս մեկ վկայություն է IBM ընկերության` տնտեսությունների զարգացման աջակցման և միջազգային շուկայում IBM-ի գործունեության ընդլայնման համար:

Տվյալ hուշագիրը պարտադիր ուժ չունի և չի դնում որևէ իրավական պարտավորություններ Հայաստանի կառավարության կամ IBM-ի վրա:

Share