Բաժին. Տնտեսական

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԸ ԿԲԱՑՎԵՆ ՀՈՒՆԻՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները: Իրականացված աշխատանքների ընթացքին ծանոթացել է ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը:

Նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախարարը հանձնարարել է արագացնել մաքրման աշխատանքների ընթացքը: «Եթե անհարաժեշտություն կա, որ նախարարությունը միջամտի աշխատանքների ընթացքին, մենք պատրաստակամ ենք օժանդակել ավելի սեղմ ժամկետներում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- նշել է նախարար Հարությունյանը: Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պարտավորվել է 15 օրյա հաճախականությամբ զեկուցել կատարված աշխատանքների մասին:

Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Արամ Հարությունյանն այցելել է նաև հանրային լողափեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այս տարի հանրային լողափերը կբացվեն հունիսի երկրորդ կեսին: Նախարարը հանձնարարականներ է տվել «Սևան» ազգային պարկի տնօրինությանը՝ հետևել բարեկարգման աշխատանքներին: «Այս տարի պետք է ապահովենք ավելի հարմարավետ պայմաններ մեր հանգստացողների համար», – ասել է Արամ Հարությունյանը:

Share