Բաժին. Տնտեսական

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՄԵԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Եվրամիության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և ՀՀ մաքսային ծառայությանն աջակցող Թվինինգ ծրագիրը հատել է նախատեսված ծրագրային ժամանակահատվածի կեսը:  

Ձեռքբերված արդյունքներին անդրադառնալու, ինչպես նաև մաքսային բարեփոխումների հետագա ընթացքը քննարկելու նպատակով կայացել է գիտաժողով՝ «ՀՀ մաքսային օրենսդրության արդիականացումը» խորագրով:

Գիտաժողովի շրջանակներում նշվել է, որ Թվինինգ ծրագրի փորձագետների աջակցությամբ արդեն իսկ մշակվել և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրվել է մաքսային արժեքի և դասակարգման ընթացակարգերի վերաբերյալ երկու ուղեցույց: Կայքում նաև ստեղծվել է առանձին ենթաբաժին, որտեղ և տեղադրվել են բողոքարկման բոլոր ընթացակարգերը: Ներկայում Թվինինգ ծրագիրը թևակոխում է մի նոր փուլ. առաջարկություններից և վերլուծություններից արդեն անցում է կատարվում կոնկրետ միջոցառումների իրագործմանը:

Ծրագրի ավարտին ակնկալվում է համակարգում կիրառել ԵՄ չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան մաքսային հսկողություն` ներառելով նախաբացթողումային մաքսային ձևակերպումների գործընթացում գտնվող հսկողության իրականացման և հետբացթողումային հսկողության ընթացակարգերը: Ծրագրով խնդիր է դրվել՝ տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների համար շոշափելի դարձնել մաքսային ոլորտում մեկնարկած բարեփոխումները:

Գիտաժողովի ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշել է. «Վերջին տարիների ընթացքում Հայաստանի մաքսային ծառայությունը լուրջ բարեփոխումների փուլում է գտնվում, որոնք կրում են շարունակական բնույթ: Մաքսային համակարգի բարեփումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, մասնավորապես, մաքսային ընթացակարգերի պարզեցում, բիզնեսի համար շահավետ պայմանների ստեղծում, էլեկտրոնային հայտարարագրման և վճարների համակարգի, ինչպես նաև ամբողջական «Կանաչ ուղու» ներդրում: Նշված ուղղություններով արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն, հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերական բնույթը՝ մենք շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին: Իրականացված բարեփոխումներում լուրջ ներդրում է ունեցել նաև Եվրոպական Միությունը` խորհրդատվության տարբեր գործիքների միջոցով: ՊԵԿ-ում իրականացվող Թվինինգ ծրագրի ընթացքը բավականին խոստումնալից է, արդեն իսկ ձևավորվել է երկկողմանի աշխատանքային փոխհարաբերությունների ջերմ մթնոլորտ, համագործակցության մակարդակը ծրագրի միջոցով ևս մեկ աստիճան բարձրացվել է և լիահույս կարելի է նշել, որ այն ավելի կբարձրանա, իսկ Թվինինգ ծրագրի ավարտից հետո նոր որակի համագործակցությունը Լիտվայի և Ֆինլանդիայի մաքսային ծառայությունների հետ կշարունակվի»:

Ըստ Թվինինգի երկարաժամկետ խորհրդատու Վիդա Միցկիենեի՝ ՀՀ օրենսդրությունն ու գործնական ընթացակարգերն անհրաժեշտ է վերանայել «ԵՄ և ՀՀ միջև Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների շրջանակներում: «Կարևոր է հասնել ԵՄ և ՀՀ մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, ինչպես նաև մաքսային գործում ներմուծել եվրոպական չափանիշներ առևտրի դյուրացման նպատակով: Մեր ծրագրի նպատակն է ՀՀ մաքսային մարմնին ցուցաբերել կայուն աջակցություն, որը համահունչ է ԵՄ չափանիշներին և ծառայում է ՀՀ քաղաքացիների ու գործարար հանրության օրինական պահանջներին», – նշել է Վիդա Միցկիենեն:

Հիշեցնենք, որ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեին ՀՀ-ում մաքսային հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու և իրականացնելու գործում» Թվինինգ ծրագիրը մեկնարկել է 2012թ. հունիսին: Ծրագրի նպատակն է կոմիտեին աջակցել բարելավելու Հայաստանի մաքսային ծառայությունը՝ ԵՄ անդամ-պետությունների լավագույն փորձի համաձայն մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգերի մշակման և դրանց իրականացման միջոցով: Թվինինգ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից մոտ 1 մլն եվրո բյուջեով և իրականացվում է եվրոպական երկու մաքսային մարմինների` լիտվա-ֆիննական կոնսորցիումի կողմից: Ծրագրի տևողությունը 24 ամիս է:

Share