Բաժին. Տնտեսական

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԸ ԿԲԱՑԱՀԱՅՏՆԻ ՆԱԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»

ԱՄՆ-ն և Լյուքսեմբուրգը եկել են համաձայնության. ԱՄՆ-ի իշխանությունները Լյուքսեմբուրգից կստանան բոլոր այն տվյալները, որոնք վերաբերում են Լյուքսեմբուրգի բանկերի ամերիկացի հաճախորդներին և նրանց բանկային հաշիվներին:

Վերջին շուրջ 10 տարվա ընթացքում ԱՄՆ-ի իշխանություններն ակտիվ ճշում էին գործադրում Լյուքսեմբուրգի վրա՝ փորձելով հասանելի դարձնել ԱՄՆ-ի ռեզիդենտների «բանկային գաղտնիքները»:

Ամերիկյան մամուլը գրում է, որ «հարկային դրախտի համբավ» ունեցող Լյուքսեմբուրգի բանկային համակարգը ԱՄՆ-ի քաղաքացիներին «օգնել է» խուսափել հարկերից:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Լյուքսեմբուրգը հայտարարել էր, որ մտադիր է ներդնել բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մեխանիզմ և դրա շրջանակներում ընդլայնել համագործակցությունը գործընկեր երկրների հարկային մարմինների հետ:

Սպասվում է, որ ֆինանսական վերահսկողության ոլորտում նախատեսվող բարեփոխումներն ուժի մեջ կմտնեն առաջիկա երկու տարվա ընթացքում: Ամենայն հավանականությամբ, Լյուսքսեմբուրգի բանկերում բացված հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կդառնա 2015 թվականի հունվարի 1-ից:

Նշենք նաև, որ Լյուքսեմբուրգի բնակչության ընդհանուր թիվը կազմում է շուրջ 500 հազար մարդ, սակայն երկրի բանկերում և այլ ֆինանսական կառույցներում պահվող ակտիվների ընդհանուր գումարը շուրջ 20 անգամ գերազանցում է երկրի արդյունաբերության համախառն ծավալը:

Share