Բաժին. Տնտեսական

ԱՐՄԱՎԻՐԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԲԱՑՎԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Մայիսի 12-ին տեղացած կարկուտի հետևանքները բազմաթիվ տնտեսությունների համար շատ ցավալի են: Շուրջ 17 հազար հեկտար հողատարածությունների վնաս է հասցված, ընդ որում` 46-ից 23 համայնքներում 100 տոկոսով է վնաս հասցված բերքին:

Կառավարության նիստում այսօր քննարկվել է Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքների վերացմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ խաղողի այգիների առումով գյուղացիական տնտեսությունները կարիք են ունենալու շուրջ երեք տարվա օժանդակության: Այգիների, պտղատու ծառերի վերականգնման համար կպահանջվի մեկ-երկու տարի, իսկ բանջարաբոստանային տնտեսությունները կարող են  վերականգնվել առավել արագ:

Հարցի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի մի շարք պատգամավորներ հանդես են եկել նախաձեռնությամբ՝ բացել հիմնադրամ: Մասնավոր անձինք հատկացումներ կկատարեն այդ հիմնադրամին, որպեսզի առավել անապահով տնտեսություններին օգնություն ցուցաբերվի։  

«Կառավարության անդամները ևս մասնակցություն կունենան՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն այդ հիմնադրամին: Ինչպես նաև, կոչ կանենք մեր բոլոր գործընկերներին, մեր քաղաքացիներին, ովքեր ի վիճակի են օգնելու տուժած տնտեսություններին, նույնպես հատկացումներ անեն այդ հիմնադրամին։ Առաջին ֆինանսական օժանդակությունը մենք ցույց կտանք անձամբ հիմնադրամին», – նշել է Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ ավելի վաղ կառավարությունը ներկայացրել էր կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցման իր ծրագիրը, որը ներառում է 7 քայլ: Այսպես,  

1.     Կարկուտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը։ 

2.     Նույն սկզբունքը կգործի նաև ջրի վարձավճարի դեպքում:

3.     Գյուղացիներին տրամադրվելու է սերմացու, պարարտանյութ և դիզվառելիք։  

4.     Յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում։ Վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով: 

5.     Գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։  

6.     Մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ և դրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից:

7.     Սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն։

Share