Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ԿՎԵՐԱՑՎԵՆ

Քննարկվել են Մաքսային Միության և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման հնարավորությունները: Քննարկմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովի գլխավորած պատվիրակությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները:

Մեծապես կարևորելով Մաքսային Միության անդամ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդգծել է, որ իր գործունեությամբ օժանդակելու է ոլորտում առավել բարենպաստ միջավայրի ապահովման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովն իր աջակցությունն է հայտնել համատեղ աշխատանքների իրականացման գործում: Նա տեղեկացրել է, որ Հայաստանում առկա ներուժին ծանոթանալու նպատակով եղել է փորձարկման լաբորատորիաներում և որակի ենթակառուցվածքների այլ հաստատություններում:

Հանդիպմանը զրուցակիցները վստահություն են հայտնել, որ այցի շրջանակներում կայացած քննարկումների արդյունքում կհստակեցվեն համագործակցության հետագա ուղղությունները:

Share