Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հաուգեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ կատարած աշխատանքի համար, և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ կապերի խորացմամբ և ընդլայնմամբ:

Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը կարևորել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

Կողմերն անդրադարձել են նաև մշակութային, կրթական ոլորտներում համագործակցությանը, հայաստանյան բուհերի՝ միջազգային հավատարմագրում անցնելու գործում երկկողմ փոխգործակցության հնարավորությանը:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրմանը՝ վարչապետը կարևորել է նաև դրա շրջանակներում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ փորձի փոխանակումը, մասնավորապես, սննդի անվտանգության տեխնիկական կանոնակարգերի ներդրման հարցում:

Դեսպան Հաուգեն վստահեցրել է, որ իր հետագա գործունեության ընթացքում ևս կանի ամեն ինչ՝ նպաստելու հայ-նորվեգական կապերի զարգացմանը:

Share