Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 87 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՍԵՐՄԱՑՈՒ

2013 թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել է 87 մլն դրամ արժողությամբ 24028 կգ տարբեր մշակաբույսերի սերմացու, որից 22 000 կգ-ը ներկրվել է ՌԴ-ից` 3795 հեկտար ցանքս կատարելու նպատակով: Նախարարությունից տեղեկացնում են, որ սերմնացուն անհատույց տրամադրվել է հողօգտագործողներին՝ ըստ ներկայացված պահանջարկի:

Միևնույն ժամանակ,  Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը պատրաստել և կարկտահարությունից տուժածներին բաժանել է խորհրդատվական թերթիկներ՝ հետևյալ բովանդակությամբ. խաղողի, պտղատու այգիների վերականգնման համար անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումներ, բանջարաբոստանային մշակաբույսերի կրկնացանք և լոլիկի մշակության բնային ցանք: Բացի այդ, հանրապետության փորձառու գիտնականների մասնակցությամբ համայնքներում կազմակերպել են դաշտային սեմինարներ կարկտահարությունից տուժած խաղողի և պտղատու այգիների էտի, ձևավորման, ինչպես նաև անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին:

Նախարարությունից  նաև տեղեկացնում են, որ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում  առաջնահերթության կարգով Արմավիրի մարզին  հատկացվել է նաև ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի նախատեսված խմբաքանակը:

Բացի այդ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 32 մլն դրամ, որը կտրամադրվի կարկտահարությունից տուժած համայնքների ամենակարիքավոր ընտանիքներին:

Share