Բաժին. Տնտեսական

ՃԳՆԱԺԱՄԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ

Չնայած համաշխարհային տնտեսության աճող անկայունությանն ու եվրոպական ճգնաժամի խորացմանը, 2012 թվականին միջազգային զբոսաշրջային ժամանումների ընդհանուր թիվն աճել է շուրջ 3,8%-ով և կազմել 1,035 մլրդ: Այս մասին հաղորդում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը՝ ընդգծելով, որ միջազգային զբոսաշրջային ժամանումների մասով 1 մլրդ սահմանի հատումը «կարևոր պատմական իրադարձություն է»:

Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ մեկ տարվա ընթացքում զբոսաշրջության տեսանկյունից առավել լավ ցուցանիշներ գրանցել է Ասիա-Խախաղօվկիանոսյան տարածաշրջանը (զբոսաշրջային ժամանումների 7% աճ):

Միևնույն ժամանակ, միայն Հարավ-Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում գրանցվել է զբոսաշրջային ժամանումների 9% աճ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ 8% աճ:

2012 թվականին Ամերիկա աշխարհամասում գրանցվել է զբոսաշրջային ժամանումների 4%, Աֆրիկայում՝ 6% աճ: Մերձավոր Արևելքում զբոսաշրջային ժամանումների թիվը կրճատվել է 5%-ով:

Հատկանշական է, որ հաշվետու տարում զգալի աճել են նաև զբոսաշրջային  ծախսերը, ընդ որում՝ այս առումով առավել զգալի աճ գրանցել են Չինաստանը (+41%) ու Ռուսաստանը (+32%):  Գերմանիայում զբոսաշրջությանն ուղղվող ծախսերն աճել են 6%-ով, Մեծ Բրիտանիայում՝ 4%-ով, ԱՄՆ-ում և Կանադայում՝ համապատասխանաբար 6%-ով և 7%-ով: Ֆրանսիայում և Իտալիայում այս ծախսերը կրճատվել են:

Սպասվում է, որ 2013 թվականին միջազգային զբոսաշրջային ժամանումների թիվը կաճի 3-4%-ով:

Share