Բաժին. Տնտեսական

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻՑ

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված ֆինանսական եկամուտների եւ ծախսերի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 2012 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ճշգրտված ծրագրով հատկացվել է 282,2 մլն դրամ, կատարողականը կազմել է 95,94 տոկոս: Հիմնական՝ շուրջ 97,1 տոկոսն ուղղվել է ՄԻՊ աշխատակազմի պահպանման ծախսերին: ՄԻՊ աշխատակազմն իրականացրել է նաեւ արտաբյուջետային հաշիվներից ֆինանսավորված երկու ծրագրեր: 3,5 մլն դրամ հատկացվել է սոցիալական փաթեթների ֆինանսավորմանը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, անդրադառնալով հաշվետու տարում իրականացված ծրագրերին եւ ֆինանսական միջոցներին, նշել է, որ նախատեսված ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ, խոցելի համարում է երկու ծրագրերի թերակատարումը, ինչը բացառապես պայմանավորված է եղել ֆինանսների սղությամբ:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նկատել է, որ նախորդ տարում որոշ ծրագրեր՝ շուրջ 100 մլն դրամի չափով, ֆինանսավորել են նաեւ դոնոր կազմակերպությունները, ինչը, սակայն, չի լինելու եկող՝ 2014 թվականին: Այդ ծրագրերի իրականացման համար Մարդու իրավունքների պաշտպանը ֆինանսական միջոցներ ակնկալում է ստանալ պետական բյուջեի միջոցներից: Նրա խոսքով, ամենահամեստ հաշվարկներով անհրաժեշտ կլինի 65 մլն դրամ: Ըստ Կ. Անդրեասյանի՝ նշված լրացուցիչ 65 մլնի չհատկացման դեպքում նա հարկադրված կլինի փակել արդյունավետ աշխատող մարզային վեց գրասենյակները եւ արագ արձագանքման ծառայությունը: Կարեն Անդրեասյանը  կարծիք է հայտնել, որ դրամաշնորհներից հրաժարումը կմեծացնի ՄԻՊ աշխատակազմի անկախությունը:

Share