Բաժին. Տնտեսական

ԴԵՂՈՐԱՅՔԻ ՆԵՐԿՐՄԱՄԲ ԵՎ ԻՐԱՑՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ «ԿՈՒՐԱՑԻՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 10 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեղորայքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար  տուգանել է 10 միլիոն դրամով:

Հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացվել է վարչական վարույթի վերաբերյալ պարզաբանում: Այսպես, ՏՄՊՊՀ է դիմել դեղորայքի ներկրմամբ զբաղվող «Բեյբի Սիմ» ընկերությունը՝ տեղեկացնելով, որ մրցակից «Կուրացիո» ՍՊԸ-ն խոչընդոտում է իր գործունեությանը՝ թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների:  Մասնավորապես, խոսքը վերաբերում է  Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող էնտերալ զոնդային սննդի (սննդի ընդունման դժվարություններ ունեցող կամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդներին զոնդի միջոցով տրվող հեղուկ) ձեռքբերման մրցույթներին:

Ընկերության դիմում-բողոքի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, որի ընթացքում պարզվել է հետևյալը. «Բեյբի Սիմ» և «Կուրացիո» ընկերությունները հանդիսանում են տարբեր արտադրողների կողմից արտադրվող ՝ էնտերալ զոնդային սննդի ներմուծողներ Հայաստանում:

ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպված մրցույթներում «Բեյբի Սիմ» ընկերությունը առաջարկել է  բարձր կալորիականությամբ էնտերալ զոնդային սնունդ՝ շատ ավելի էժան գնով, քան այն ձեռք է բերվում այդ ժամանակահատվածում «Կուրացիո» ՍՊԸ-ից: ԵՊԲՀ-ը պատասխանել է, որ «Բեյբի Սիմը» պետք է մասնակցի իրենց կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերին, սակայն գնումները կազմակերպվել են այնպես, որ վերջինը հնարավորություն չի ունեցել մասնակցելու դրանց:

Մասնավորապես, զոնդային սննդի մասով մրցույթը կազմակերպվել է «Բուժ. սարքավորումներ» ապրանքի ներքո, այն դեպքում, երբ այն բուժսարքավորում չէ: Այս մրցույթին «Բեյբի Սիմը»  մասնակցելու հրավեր չի ստացել, քանի որ գրանցված է եղել «Դեղորայք» և «Սննդամթերք» առաջարկող մասնակիցների ցանկում:

Վարույթի ընթացքում ի հայտ են եկել մի շարք փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ, այն բոլոր դեպքերում, երբ «Կուրացիո» ընկերությունը բուժհաստատությունների կողմից հայտարարված պետական գնումների մրցույթներում հանդիսացել է միակ մատակարարը, հայտերում շատ բարձր գնային առաջարկ է ներկայացրել, իսկ այն դեպքերում, երբ մրցակից է ունեցել, դեղորայքը վաճառել է գրեթե ինքնարժեքին հավասար գնով՝ արհեստականորեն խոչընդոտելով մրցակից ընկերության մուտքը շուկա:

Միևնույն ժամանակ, հանձնաժողովը ուսումնասիրել է նաև շուկայում «Կուրացիո» ՍՊԸ-ի գնային քաղաքականությունը և բացահայտել, որ ընկերությունը, հանդիսանալով հանրապետությունում հատուկ խնամքի տակ գտնվող հիվանդների համար նախատեսված դեղորայքի հիմնական ներմուծող և մատակարար, մշտապես օգտվել է իր մրցակցային առավելությունից և անկախ նրանից, որ այս ապրանքները իր մատակարարներից երբեմն զեղչով է ձեռք բերել, կամ միջազգային շուկայում դրանց գները նվազել են, մշտապես նույն բարձր գներով է վաճառել հանրապետության դեղատներին և հիվանդանոցներին:

Մասնավորապես, մինչ զեղչի ստացումը ընկերության կողմից իրացվող «Նուտրիզոն սննդային թելիկներով 1 կկալ 500մլ.» ապրանքի ինքնարժեքը կազմում էր 2080 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝ 4000 դրամ: Սակայն ընկերությունը ապրանքը կարողացել է ձեռք բերել զեղչով, ինչի արդյունքում  ինքնարժեքը նվազել է մինչև 1380 դրամ, սակայն մանրածախ ցանցում գինը մնացել է անփոփոխ: Այսինքն, ընկերությունը ինքնարժեքի նվազմանը համարժեք չի իջեցրել վաճառքի գները, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:

Հանձնաժողովի որոշմամբ, շուկայում ունեցած գերիշխող դիրքի չարաշահման համար «Կուրացիո» ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամի   չափով: Բացի այդ, Հանձնաժողովի առաջարկով վերջերս գնումների մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, ընկերությունը կհայտնվի  «սև ցուցակում»  և մի քանի տարի շարունակ հնարավորություն չի ունենա մասնակցելու մրցութային գործընթացներին:

Share