Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԿՕԳՆԵՆ ԴԱՆԻԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է հանդիպում Դանիայի Թագավորությունից ժամանած ձկնաբուծական տեխնոլոգիաների մասնագետների հետ, որոնք ձկնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների առաջավոր փորձը ներկայացրել են ոլորտի հայ մասնագետներին:

Նախարար Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել դանիացի մասնագետների պատրաստակամությունն իրենց հարուստ փորձը հայ ձկնաբույծներին փոխանցելու կապակցությամբ` կարևորելով ջրային պաշարների խնայողական և նպատակային օգտագործումը:

Նշվել է, որ այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված շուրջ 250 ձկնաբուծական տնտեսությունները զբաղեցնում են 2677 հեկտար ջրային մակերես և դանիացիների առաջարկած ինտենսիվ տեխնոլոգիաները կարող են բարձրացնել ջրային պաշարների օգտագործման արդյունավետության գործակիցը, ինչպես նաև բարելավել մեկ խորանարդ ջրից ստացվող ձկան արտադրողականությունը՝ այն հասցնելով միջազգային չափանիշին:

Դանիայի Թագավորության ձկնաբույծների պատվիրակությունը խորհրդակցությունից հետո ուղևորվել է Հայաստանի ձկնաբուծական տնտեսություններ` տեղում իրավիճակը գնահատելու և համագործակցության ծրագրերն առարկայացնելու համար: 

Նշենք, որ Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունն ավելի վաղ այցելել էր Դանիայի Թագավորություն և պայմանավորվածություններ ձեռք բերել այս ասպարեզում կուտակած դանիական առաջավոր փորձն ու տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու համար:

Share