Բաժին. Տնտեսական

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Հայաստանի բջջային կապի շուկայում գործում են ռուսական օպերատորներ (Beeline, Vivacell-MTS), որոնց գործունեության մասով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը որևէ դժգոհություն չունի: Նման հայտարարությամբ հանդես է եկել  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր  դեսպան Իվան Վոլինկինի հետ ուենցած հանդիպման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում են նախարարության Լրատվական ծառայությունից՝ հանդիպմանը նախարարը կարևորել է երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերն ինչպես  ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ կապի և հեռահաղորդակցության բնագավառներում:

Նախարարը նշել է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը սերտորեն  համագործակցում է  «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ընկերություն հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղու»  հետ,  ակտիվորեն մասնակցում է ընկերության գործունեության ընթացքում առաջացող խնդիրների լուծմանը և բնականոն աշխատանքների կազմակերպմանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր հերթին կատարում է ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները:

Դեսպանն իր հերթին կարևորել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության համագործակցությունը Հայաստանի տիեզերական ծրագրի, այդ թվում՝ սեփական արբանյակի ստեղծման նախագծի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Share