Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ԴԵՄ ՉԷ, ՈՐ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԹԵԹԵՎԱՑՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Հունաստանը կարող է մեկնարկել ավելացված արժեքի հարկի դրույքի կրճատման հարցի շուրջ քննարկումները, սակայն դրան զուգահեռ չպետք է «մոռացության մատնվի» հարկային մուտքեր ապահովելու խնդիրը:  

Նշենք, որ ներկայում Հունաստանում ԱԱՀ-ի դրույքը կազմում է 23%:

Երկրի գործարարները պահանջում են վերանայել դրույքի չափը՝ շեշտելով, որ վերջինիս բարձր լինելը «սահմանափակում է» տնտեսության զարգացումը:

Հատկանշական է, որ ԱՄՀ ղեկավարն, ընդհանուր առմամբ,  դրական է գնահատել Հունաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների արդյունքները: Միևնույն ժամանակ, ԱՄՀ ղեկավարը անհանգստությունն է հայտնել Հունաստանում երիտասարդների շրջանում առկա գործազրկության բարձր մակարդակի վերաբերյալ:

Նշենք, որ բյուջեի պակասուրդի կրճատումը և երկրի տնտեսության մրցունակության բարձրացումն այն հիմնական պահանջներն էին, որոնք Հունաստանը «ստանձնել էր» ԱՄՀ-ի և Եվրամիության կողմից հաստատված 240 մլրդ եվրո ընդհանուր ծավալով վարկի դիմաց:

Հունաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է արդեն 6-րդ տարին անընդմեջ: Սպասվում է, որ երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս կգա 2014 թվականին, երբ կգրանցվի 0,6% տնտեսական աճ:

Share