Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ԱՆՁԱՆՑ 22%-Ն ԱՂՔԱՏ Է

Հայաստանում աղքատության ցուցանիշը բարձրագույն կրթությամբ անձանց շրջանում մոտ 22 տոկոս է: Միջին մասնագիտական կրթությամբ անձանց շրջանում այն կազմում է մոտ 29 տոկոս, իսկ միջնակարգ կրթությամբ անձանց մոտ՝ 42,5 տոկոս: Այս մասին է վկայում ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների արագացման գործընթացի շրջանակում մշակված «Երիտասարդների զբաղվածությունը Հայաստանում» զեկույցը:

Զեկույցի հեղինակները որպես զբաղվածության բարձրացմանն ուղղված արդյունավետ լուծում առաջարկում են  խթանել համագործակցությունը կրթական կառույցների, մասնավոր և պետական հատվածների, գործատուների և աշխատանքային գործակալությունների միջև:

Առաջարկվում է նաև ուսումնական պլանների վերանայում և աշխատաշուկայի պահանջներին միտված հմտությունների և կարողությունների զարգացում:

Շեշտադրվում է երիտասարդներին՝ իրենց ձգտումներին և ունակություններին համապատասխան որակյալ կրթության հնարավորություններով ապահովելու պետական քաղաքականությունը, մասնավորապես, հավասար պայմաններում մասնագիտական կրթության մատչելիության և որակի բարձրացմանն  ուղղված գործողությունների ծրագիրը, այդ թվում՝ ողջ կյանքի ընթացքում վերապատրաստման մատչելիությունն ու համաշխարհային ճանաչում ունեցող կրթական հաստատություններում տաղանդավոր ուսանողների՝ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների ապահովումը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախ երիտասարդների շրջանում գործազրկություն մակարդակը պայմանավորված է ոչ միայն աշխատատեղերի սղությամբ և ցածր աշխատավարձով, այլև երիտասարդ մասնագետների անբավարար գիտելիքներով:

Այս համատեքստում կարևորվում է մասնագիտական ճիշտ կողմնորշման հարցն ու ապագա մասնագետների՝ իրենց ունակություններին համապատասխան  և պահանջարկ ունեցող մասնագիտության ընտրությունը:

Միջազգային հետազոտության մեջ նշվում է, որ գիտելիքահեն տնտեսությունը չի կարող ունենալ թույլ զարգացած կրթական համակարգ:

Կարևորվել է, որ Հայաստանում միջնակարգ կրթությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից: Պետբյուջեից է ֆինանսավորվում նաև բուհերում առաջադեմ ուսանողների որոշ մասի կրթությունը, կառավարությունը երիտասարդներին արտասահմանյան կրթօջախներում որակյալ կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, տարբեր պետական հիմնադրամների  կողմից իրականացվում են վերապատրաստումներ և այլն:

Անդրադառնալով կրթության ոլորտի բարեփոխումներին՝ արձանագրվել է, որ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներն իրականացվել են Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համապատասխան: Մասնավորապես, հաստատվել է  բարձարագույն կրթության որակավորումների ազգային շրջանակը, մշակվել և հաստատվել է բուհերի ֆինանսավորման ռազմավարությունը, վերանայվել են մասնագիտական կրթական ծրագրերի արտոնագրման պայմաններն ու պահանջները, կարգավորվել է ուսանողների շարժունության հիմնահարցը, ներդրվել հետբուհական՝ հետազոտողի կրթական ծրագրի կրեդիտային համակարգը:

Շեշտադրվել է, որ միջին մասնագիտական կրթության բարեփոխումների շրջանակում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում ստեղծվել են 12 տարածաշրջանային քոլեջներ: Նորոգվել ու վերակառուցվել են այդ քոլեջների շենքերն ու կառույցները, ամբողջությամբ վերազինվել և նորացվել է նյութատեխնիկական բազան:

2006 թվականից ՀՀ-ում գործում է ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագիրը, որի առաքելությունն է բարձրացնել երիտասարդների աշխատանքային հնարավորությունները: Նշվում է նաև, որ կրթության բնագավառում ստորագրված միջպետական համաձայնագրերով 2007-2011թթ 742 երիտասարդ գործուղվել է արտասահման՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու: «Լույս» կրթական հիմնադրամի ստեղծմամբ 43 երիտասարդ 2009-2010, 68-ը՝ 2010-2011 և 143-ը՝ 2011-2012 ուսումնական տարում աջակցություն են ստացել՝ ուսանելու աշխարհի 25 լավագույն համալսարանենրում:

Share