Բաժին. Տնտեսական

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ 50 ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Բացելով նիստը` վարչապետը խոսել է Արմավիրի մարզի խնդիրների մասին. «Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, և գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է»։ 

Որոշվել է, որ Արմավիրի մարզում 2013թ. մայիսի 12-ին կարկտահարությունից հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներին հրատապ միանվագ օգնություն է ցուցաբերվելու՝ 50 հազարական դրամի չափով։ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսություններում մշակվող բուսատեսակներին կարկտի հետևանքով պատճառված վնասի չափը գյուղացիներին թույլ չի տալիս վճարել իրենց հողի հարկը և օգտագործված ոռոգման ջրի վարձավճարը, կառավարությունն այդ նպատակով Արմավիրի մարզպետարանին է հատկացրել 207 մլն դրամ։ Միևնույն ժամանակ, հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ կարկտից տուժած տնտեսություններից մի քանիսը ոռոգման նպատակով օգտագործում են խորքային հորերի ջուրը և առաջարկվել փոխհատուցել այդ տնտեսությունների էլեկտրաէներգիայի վարձը։ 

Նիստում կառավարությունը նաև փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել 350 մլն դրամ, որից 328 մլն 600 հազար դրամը` հակակարկտային կայանների տեղակայման, 21 մլն 400 հազարը` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող կայանները նորոգելու և տեխնիկապես մատչելի դարձնելու և «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի շահագործմանը հանձնելու համար։ Նշվել է, որ հակակարկտային կայանները կտեղադրվեն երեք ամսվա ընթացքում։

Գործադիրը մեկ այլ որոշմամբ Արմավիրի մարզպետարանին է հատկացրել ավելի քան 7.5 մլն դրամ Մրգաշատ գյուղի բնակիչ Հունան Մխիթարյանի 14 անձից բաղկացած ընտանիքի համար երկհարկանի առանձնատուն գնելու համար։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ երկրում կա 9 և ավելի երեխա ունեցող 24 բազմազավակ ընտանիք, որոնցից մեկը Հունան Մխիթարյանի ընտանիքն է։ Աջակցություն կստանան այդ բոլոր ընտանիքները։

Վարչապետի այսօրվա կարգադրությամբ 1 մլն դրամ է հատկացվել Արմավիրի մշակույթի կենտրոնին: ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է ըստ ամենայնի աջակցել մշակույթի պալատի գործունեությանը։

Share