Բաժին. Տնտեսական

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ» 2012Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի հերթական նիստը։

Համաձայն օրակարգի` քննարկվել է գործակալության 2012թ. տարեկան գործունեության հաշվետվությունը:

ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն անդրադարձել է ներդրումների ներգրավման և արտահանման խթանման ուղղությամբ իրականացված ու ընթացիկ ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ 2012թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ (շինարարություն, բարձր տեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ և այլն), արտահանման խթանումը` շուրջ 4.5 մլրդ ՀՀ դրամ (սննդարդյունաբերություն, ոգելից և ոչ ոգելից խմիչքներ և այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ և միջազգային ցուցահանդեսներ, տարվել են տեղեկատվական օժանդակության աշխատանքներ:

Հաջորդ հարցով ներկայացվել է գործակալության 2013թ. միջոցառումների ծրագիրը, որը, ԶՀԳ-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ, համահունչ է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության 2013թ. համար նախանշված գործողությունների ծրագրին և ոլորտներին (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն, բիոտեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդի վերամշակում և այլն):

Նիստում արծարծվել են գործակալության կառուցվածքային փոփոխություններին վերաբերող և կազմակերպչական այլ հարցեր ևս: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել դրանք և առաջարկություններ ներկայացնել խորհրդին:

ՀՀ վարչապետի որոշմամբ ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ և թեթև արդյունաբերության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակտիվ գործունեության ու վաստակի համար «Տոսպ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

Share