Բաժին. Տնտեսական

ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴ. «ԵՎՐՈԳՈՏՈՒ ՃԳՆԱԺԱՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վստահ է, որ Եվրոգոտու ճգնաժամն ավարտվել է: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ճապոնացի և եվրոպացի գործարարների հետ հանդիպման ժամանակ:

Իր ելույթում Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այժմ եվրոպական տարածաշրջանում անհրաժեշտ են այնպիսի քայլեր, որոնք ուղղված են տնտեսական աճի խթանմանն ու եվրոպական տնտեսության մրցունակության բարձրացմանը:

Նշենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովը հրապարակել էր իր նոր կանխատեսումները, որոնց համաձայն՝ Եվրոգոտու պետական պարտքը կշարունակի աճել. 2013 թվականին ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 95,5%-ը, 2014 թվականին` 96,0%-ը: Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով Եվրոգոտու պետական պարտքը կազմել էր ՀՆԱ-ի 92,7%-ը:

Միևնույն ժամանակ, սպասվում է, որ ընթացիկ տարում Եվրոգոտու բյուջեի պակասուրդն կկազմի ՀՆԱ-ի 2,9%-ը, իսկ հաջորդ տարի` 2,8%-ը:

Share