Բաժին. Տնտեսական

ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ ՉԻՆԱԿԱՆ ՇՈՒԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Էկոնոմիկայի նախարարը, բարձր գնահատելով Չինաստանի ներուժն ու տնտեսական զարգացման տեմպերը, մեծապես կարևորել է երկկողմ տնտեսական շփումների ակտիվացման անհրաժեշտությունը։ Նա օրակարգային է համարել հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը, դեպի չինական շուկա հայկական ապրանքների արտահանման հնարավորությունների բացահայտումը, ինչպես նաև երկկողմ փոխշահավետ համագործակցությունը՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի կառուցման նախագծին առնչվող հարցերին: Կողմերը մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին դեսպան Թիան Չանչունը և Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել` առավել մանրամասն քննարկելու երկարաժամկետ հեռանկարում հայ-չինական համագործակցության ոլորտներն ու ծրագրերը:

Share