Բաժին. Տնտեսական

ԱԺ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ Է ԿԲ 2013Թ.-Ի ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:  

Պատգամավորները շարունակել են ՀՀ կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումը:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա տեղեկացրել է, որ 2013 թվականի տնտեսական աճի վերաբերյալ կառավարության կանխատեսումները 1%-ով ավել են ԿԲ-ի կանխատեսումներից, որը կազմում է 4,7-5,7%: ԿԲ-ի այդ կանխատեսումը պայմանավորված է,  մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճի ցածր գնահատականով, որը կազմում է 2-4%, այնինչ կառավարությունն այս ոլորտում նախատեսում է 4,5% տնտեսական աճ: Ըստ նրա՝ հիմնավորված չէ նաեւ ԿԲ-ի՝ առեւտրի պայմանների վատացման վերաբերյալ կանխատեսումը: Նախարարը անդրադարձել է նաեւ ճկուն դրամավարկային քաղաքականության անհրաժեշտությանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հարակից զեկուցման ժամանակ տնտեսական աճի վերաբերյալ ԿԲ-ի կանխատեսումները պահպանողական է համարել: Ըստ նրա՝ թեեւ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ գնաճը կարող է բարձրանալ, բայց պետք է այն պահպանել ծրագրով նախատեսված միջակայքում՝ միաժամանակ փորձելով ապահովել ավելի բարձր տնտեսական աճ:

Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ վարվող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունը չեն նպաստում տնտեսության մեջ առկա խոչընդոտների հաղթահարմանը, իսկ տնտեսության դիվերսիֆիկացման քաղաքականությունը ձեւական բնույթ է կրում: Նա կոչ է արել վերանայել վարվող քաղաքականությունը՝ այն դարձնելով նպատակային ու հետեւողական:

Քննարկվող հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բնական է համարել հարցի քննարկման ընթացքում  պատգամավորների արտահայտած մտահոգությունները, քանզի բոլորն էլ շահագրգռված են երկրի տնտեսության զարգացմամբ, ինչով էլ պայմանավորված են քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումն ու տարբեր ոլորտներում մեր երկրի զարգացման հեռանկարները: ԱԺ նախագահը երկրի տնտեսության զարգացման գործում կարեւոր դեր է վերապահել ճիշտ վարկային քաղաքականությանը: Նրա գնահատմամբ՝ եթե ցածր տոկոսով ու երկարաժամկետ վարկեր տրամադրվեն վարկառուներին,  դա ուղղակի կնպաստի տնտեսության զարգացմանը, ինչն էլ իր հերթին կնվազեցնի գործազրկությունն ու արտագաղթը: ԱԺ նախագահը նշել է, որ  բոլորն են պատասխանատու  տնտեսության զարգացման եւ երկրի առջեւ ծառացած  խնդիրների համար:

Հովիկ Աբրահամյանը կոչ է արել ՀՀ ֆինանսների նախարարին եւ ԿԲ  նախագահին՝ ստեղծված իրավիճակին համարժեք եւ պատասխանատու  քայլեր ձեռնարկել եւ համատեղ ուժերով գտնել խնդրի  լուծման արդյունավետ միջոցը:

Share