Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆԻՑ ԲԱԹՈՒՄԻ Է ՄԵԿՆԵԼ ԱՌԱՋԻՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ

Հունիսի 15-ին բացվել է ամառային ուղևորափոխադրումների սեզոնը և Երևանից Բաթումի է մեկնել այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Սեզոնի բացումն այս տարի առանձնացել է նրանով, որ Երևան-Բաթումի գնացքի լոկոմոտիվն է եղել «Հարավկովկասյան երկաթուղի»: Նշենք, որ ընկերության առաջին անվանական լոկոմոտիվը եղել է «Արարատ Խրիմյան»:

Սեզոնի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի փոխնախարար, Տրանսպորտի և կապի նախարարության Երևանի երկաթուղու դեպարտամենտի պետ (2000-2004 թթ.), «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն (2004-2008 թթ.) Արարատ Խրիմյանի (21.10.1951 – 13.09.2012) այրին ու դուստրը:

«Արմենիա» ֆիրմային գնացքի մեկնման արարողության ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Վալկոնի փոխանցմամբ՝ ընկերությունը կշարունակի հավատարիմ մնալ սպասարկման որակի բարելավման և գնացքներում հարմարավետության մակարդակի բարձրացման քաղաքականությանը: Հրապարակման մեջ նշվում է, որ այս տարի հաջողվել է կրճատել Երևանից Բաթումի ճանապարհի ժամանակը ևս կես ժամով:

 Էապես թեթևացել է նաև տոմսերի գնման գործընթացը: Այժմ ուղևորները կարող են տոմսերը գնել ոչ միայն Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, այլ նաև օնլայն՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում: Բացի այդ տոմսարկղ է բացվել նաև Արցախի մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում: Տոմսի գնման ժամանակ հերթեր արդեն չեն գոյանում, քանի որ տոմսի ձևակերպման ժամանակը կրճատվել է 10-ից մինչև 2 րոպե: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սերգեյ Վալկոն:

Այս տարվա հիմնական նորամուծություններից նշվել է, մասնավորապես, ննջավագոններում անվճար Wi-Fi կապի գործարկումը և Վրաստանի տարածքում տեղի ոստիկանության կողմից գնացքի ուղեկցությունը:

Սերգեյ Վալկոն նշել է նաև, որ 5 տարվա ընթացքում Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնողների թիվը ավելացել է 6 անգամ: 2012 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը գերազանցել 50 հազարը՝ 2011 թվականի միևնույն ցուցանիշը գերազանցելով 22 %-ով:

ՀԿԵ գլխավոր տնօրենի պաշտոնակատարը հատուկ ուշադրություն է դարձրել Արարատ Խրիմյանի ձեռքբերումներին, նկատելով, որ նրա ղեկավարման տարիներին իրականացվել են մի շարք ծրագրեր: Նշվում է, որ լինելով իսկական հայրենասեր՝ 1991-1994 թթ. Խրմյանը մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը՝ դառնալով Արցախյան ազատագրական պատերազմի հերոս:

Լոկոմոտիվը սպասարկում է բարձր մասնագիտացված բրիգադ, որն ընտրվել է բավականին խիստ չափանիշներով:

Այս տարվա առաջին գնացքով Երևանից դեպի Սև ծով են մեկնել 114 ուղևոր: Երևանից Բաթումի ճանապարհորդության ժամանակը կազմում է 15 ժամ 45 րոպե:

Հիշեցնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share