Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ

Ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հաստատել է դիզելային վառելանյութի եւ ազոտական պարարտանյութի բաշխման ծրագրի վերաբերյալ գյուղացիների պարբերաբար հնչեցրած դժգոհությունները:

Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերում Ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչության կողմից անցկացված ստուգումների արդյունքում ամենաշատ խախտումներն արձանագրվել են Արարատի մարզում: Միևնույն ժամանակ, ամենաքիչ խախտումները գրանցվել են Գեղարքունիքում: Oրինակ` պարզվել է, որ Արարատի մարզում գյուղապետը ներկայացրել է կեղծ ցուցակներ, որտեղ սխալ է նշվել տրամադրված վառելիքի իրական քանակը: Հաշվարկների համաձայն՝ պետությունից ստացված և գյուղացիներին չտրամադրված վառելիքի ծավալը 2012թվ.-ի գարուն-աշուն եւ 2013թվ.-ի գարուն ժամանակահատվածի համար գերազանցել 170 000 լիտրը: Այս մասով պետական բյուջեից հատկացված սուբսիդիայի գումարը կազմում է 18 մլն դրամ:

Իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ գյուղացիների անունով դուրս է գրվել ավելի քան 220 000 լիտր դիզվառելիք, ընդ որում՝ գյուղերի բնակիչներն ընդհանրապես ոչ մի վառելիք էլ չեն ստացել: Նշվում է, որ ծրագիր համար պետական բյուջեից դուրս է գրվել 21 մլն դրամ:

Որոշ համայնքներում էլ դիզվառելիք ստացել են, սակայն հնարավոր չի եղել պարզել ստացողների անունները: Արդյունքում,  յուրացվել է 44 մլն դրամի վառելիք:

Ընդհանրացնելով նշենք, որ Արարատի մարզում պետությանը հասցված վնասը գնահատվում է մոտ  83 մլն դրամ:

Շիրակի մարզում գյուղացիներից պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց ապօրինի կերպով գյուղացիներից գանձվել է 100-500 դրամ: Ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ Գեղարքունիքում ներկայացվել են ստացողների կեղծ անուններ:

Վերահսկողության տեսչության պետը նաև պարզաբանել է Մխչյան գյուղում ստուգումներ չանցկացնելու պատճառը: Ըստ նրա, վերջինս փոքր գյուղ է, և ցուցակում ընդգրկված անձինք ակնհայտ է, որ ստացել էին, այլապես չէին ընդգրկվի ցուցակում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովիկ Աբրահամյանն ու նրա հետ կապված այլ անձինք ևս հանդիսանում են նշված համայնքի բնակիչները, տեսչության պետը բնական է համարել, որ նրանք ևս կարող էին օգտնվել պետական աջակցության ծրագրից: Տեսչության պետը նաեւ նշել է, որ Մխչյանի ցուցակում ընդգրկված 15 անձանց բաշխվել է ավելի քան 70 000 լիտր դիզվառելիք, որից Հովհաննես Աբրահամյանն ու Հենրիկ Աբրահամյանը, համապատասխանաբար, ստացել են 35 000 եւ 15 000 լիտր վառելանյութ: Ստացվում է, որ գյուղին հատկացված 70 000-ից 50 000-ը ստացել են միայն Աբրահամյանները:

Նշենք, որ պետական աջակցության ծրագրից օգտվող գյուղացիների ցուցակները կազմվում են համայնքների ղեկավարների կողմից, որը վերջնականապես հաստատում է մարզպետը: Ծրագրի հսկողության պատասխանատուն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է:

Share