Բաժին. Տնտեսական

ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Վարշավայում կայացել է հայ-լեհական գործարար համաժողով, որին մասնակցել է արդյունաբերության տաբեր ոլորտներ ներկայացնող 19 ընկերություն՝ ապահովագրություն, հեռահաղորդակցություն, գյուղատնտեսություն, հիդրոէներգետիկա, մետաղյա կառուցվածքներ, սննդարդյունաբերություն, ոսկերչություն, տուրիզմ, առևտուր և ներմուծում, կրթություն, շինարարություն,  բեռնափոխադրումներ:

Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՀ Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Սերժ Սարգսյանը ողջունել է գործարար համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, անդրադարձել դարերի խորքից եկող հայ-լեհական բարեկամությանը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն ու հայ-լեհական առևտրատնտեսական կապերին, ինչպես նաև հակիրճ ներկայացրել ժամանակակից Հայաստանի գործարար միջավայրը, տնտեսության զարգացման միտումներն ու ներդրումային հնարավորությունները:

Ողջույնի խոսքում Նախագահը դրվատանքով է խոսել նաև Լեհաստանի իշխանությունների՝ ի դեմս Նախագահ Կոմորովսկու և լեհ գործարարների մասին, ովքեր, Նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի դժվարին պայմաններում մեծ հաջողությունների են հասել և հզորացրել երկիրն իրենց ամենօրյա աշխատանքով: 

Նախագահի գնահատմամբ՝ այսօր հայ-լեհական առևտրատնտեսական կապերը էապես զիջում են այլ ոլորտներում առկա հարաբերությունների մակարդակին: «Հենց այս բացը լրացնելու նպատակով է, որ մենք` երկու նախագահներս հանգեցինք գործարար համաժողովներ անցկացնելու գաղափարին` երկու տարի առաջ Երևանում և այսօր այստեղ` Վարշավայում: Պետք է նշեմ, որ արդեն իսկ գրանցել ենք որոշակի արդյունքներ` հատկապես Հայաստանում լեհական ընկերությունների ներկայության և հայաստանյան տարբեր նախագծերում նրանց մասնակցության առումով: Բայց եղածը շատ քիչ է, և ես ձեզ կոչ եմ անում լինել շատ ավելի ակտիվ», – ասել է Սերժ Սարգսյանը:

Որպես ներդրումների համար գրավիչ ոլորտները Սերժ Սարգսյանն առանձնացրել է ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության ու ադամանդագործության ոլորտները: Նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծումը՝  որպես ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և նորարական մոտեցումների կիրառման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծան մեծ խթան:

«Առաջիկա տարիներին մտադիր ենք մեծ ներդրումներ իրականացնել գյուղատնտեսության ոլորտում` տեխնիկական վերազինման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև վերամշակող կարողությունների արդիականացման միջոցով», – նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով. «Կցանկանայինք տեսնել լեհական կապիտալի աճ նաև զբոսաշրջության, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում, որոնք արդիականացվող, զարգացման մեծ ներուժ ունեցող և պետության կողմից գերակա համարվող ճյուղերից են»:

Նշենք, որ 2012 թվականին Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 42.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 599.3 հազ. ԱՄՆ դոլար, ներմուծումը` 41.8 մլն ԱՄՆ դոլար:  Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կրաքար, ալյումին և ներմուծվում են եթերային յուղեր, օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, փայտ և փայտից իրեր, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, կակաո, ապակի, դեղագործական ապրանքներ և այլն:

Հայաստանում գործում է լեհական կապիտալով 12 ընկերություն:

Share