Բաժին. Տնտեսական

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի հետ կապված հարցեր: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման այն սցենարները, որոնք մշակվել են խորհրդատու թիմի կողմից:

Նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման, էկոնոմիկայի նախարարությունների, Ասիական զարգացման բանկի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ: 

Տարածքային կառավարման եւ Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է ներկայացված լուծումների վերաբերյալ մեկ ամսվա ընթացքում քննարկումներ կազմակերպել շահագրգիռ պետական մարմինների, այդ թվում` Ազգային ժողովի, Վերահսկիչ պալատի, Հանրային խորհրդի, Կայուն զարգացման ազգային խորհրդի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, եւ քննարկումների արդյունքներով ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնել իրականացվող ուսումնասիրությունների հետագա ընթացքի վերաբերյալ:

Նշենք, որ ՀՀ կառավարության եւ ԱԶԲ համագործակցությամբ իրականացվող ծրագրի նպատակը ոլորտի ազգային ռազմավարական տեսլականի սահմանումն ու պլանավորումն է, տարբեր գերատեսչությունների գործունեության եւ ինստիտուցիոնալ կարողությունների համակարգումը:

Share