Բաժին. Տնտեսական

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական մաքսային միություն, թե՞ Եվրամիություն. ըստ տնտեսագիտության դոկտոր Հայկ Մնացականյանի՝ այս երկու ուղղությունները պետք չէ տարանջատել: Ինչպես ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է տնտեսագետը՝ Հայաստանի համար նախընտրելի կլինի ինտեգրումը երկու ուղղությամբ էլ. «Մենք պետք է փորձենք և Եվրասիական մաքսային միությունից, և Եվրամիությունից հնարավոր լավագույնը կամ հնարավոր ավելին ձեռք բերել»:

Հայկ Մնացականյանը նշել է, որ չի կիսում որոշ տնտեսագետների կարծիքը, ովքեր գտնում են, որ պետք է ընտրություն կատարել այս երկու ուղղության միջև: Ըստ նրա՝ երկու ուղղություններն էլ ունեն առավելություններ, որոնցից հնարավոր է օգտվել. «Չկա մի ուղղվածություն, որը կարելի է գերակա համարել, իսկ մյուսը`  անտեսել: Երկու ուղղությունն էլ կարևոր են և երկու ուղղությունն էլ ունեն իրենց առավելությունները»:

Հարցին, թե արդյոք Եվրասիական մաքսային միության անդամակցությունը էլ ավելի չի խորացնի Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը, տնտեսագետն ասել է. «Ռուսաստանն արդեն իսկ ունի իր տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա: Ինտեգրումը չի նշանակում միայն ազդեցության ավելացում, ինտեգրումը նաև հնարավորությունների ավելացում է, բանակցելու, տարբեր միջոցներով եղած հարցերը կարգավորելու հնարավորություն: Ես հակված չեմ դիտարկելու, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա կմեծանա, քանի որ այդ ազդեցությունն այսպես թե այնպես կա, և այն կմնա այնքան, ինչքան որ կար»:

Share