Բաժին. Տնտեսական

ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԻ ՓԼՈՒԶՎԱԾ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցք) Մ10 միջպետական ճանապարհի 112-րդ կիլոմետրում՝ Քարագլուխ գյուղի մոտ, գարնանային անձրևների հետևանքով փլվել է  ճանապարհի բարձր լիցքի մի մասը, ինչի արդյունքում ճանապարհը դժվարանցանելի է, երթևեկությունը՝ սահմանափակված։ Նախարարությունից տեղեկացնում են, որ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Ծանր բեռնատարների երթևեկությունն արգելված է, քանի որ դրանց երթևեկելու դեպքում ճանապարհի հետագա փլուզման վտանգ կա։

Վթարված հատվածում կատարվել են հետազոտական աշխատանքներ, որոշվել է ճանապարհի վթարայնության աստիճանը, իրականացվել են  նախագծային աշխատանքներ, ճշտվել է ճանապարհահատվածը  վերականգնելու  համար անհրաժեշտ գումարի չափը։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը  ճանապարհահատվածի վերականգնման անհրաժեշտ ֆինանսավորման համար դիմել է ՀՀ կառավարությանը,  և  2013թ. ՀՀ պետբյուջեով նախարարությանը  հատկացված գումարների սահմաններում կիրականացնի ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները։

Առաջիկա օրերին, սահմանված կարգով, շինարարի ընտրության  մրցույթ կհայտարարվի։ Որպես հրատապ լուծում պահանջող խնդիր՝  նախարարությունը դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի մրցութային ժամկետը հնարավորինս կրճատվի, և գործընթացն արագացված ընթացակարգով իրականացվի։

Շինարարի ընտրությունից հետո Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցք) ճանապարհի փլուզված հատվածի վերականգնման  շինարարական աշխատանքների համար կպահանջվի առնվազն 15-20 օր։

Share