Բաժին. Տնտեսական

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՎԵԼ ԱԿՏԻՎ ԵՎ ԱՆԳԱՄ ԱԳՐԵՍԻՎ

«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) այսուհետ կլինի առավել ակտիվ և անգամ ագրեսիվ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ընկերության նորանշանակ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ ամփոփ ներկայացնելով «ԱրմենՏել»-ի առաջիկա ծրագրերը:

Անդրեյ Պյատախինի գնահատմամբ՝ «ԱրմենՏել»-ը մեծ ներուժ և զարգացման լավ հնարավորություններ ունեցող ընկերություն է, որի հետ կապված «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբն ունի հեռանկարային լավ սպասումներ: Նա նշել է, որ «ԱրմենՏել»-ը մտադիր է անցել առավել հաճախորդամետ քաղաքականության՝ ապահովելով ժամանակակից պահանջներին համապատասխան և գրավիչ ծառայությունների զարգացում: Ընկերությունը նախատեսում է նաև ընդլայնել սոցիալական պատասխանատվության ծրագրերը:

Անդրեյ Պյատախինը տեղեկացրել է, որ «ԱրմենՏել»-ը հնարավորիս կարճ ժամանակում կգործարկի կաբելային հեռուստատեսության ծառայությունը (IP TV), ինչպես նաև առավել մեծ ուշադրություն կհատկացնի բջջային ինտերնետ-ծառայությունների զարգացմանը:

«ԱրմենՏել»-ի նորանշանակ Գլխավոր տնօրենի բնորոշմամբ՝ հեռահաղորդակցության հայաստանյան շուկան բավականին մրցակցային է. «ԱրմենՏել»-ի մրցակիցներն ուժեղ են և աչալուրջ: Այս համատեքստում նա նկատել է, որ արդեն հաջորդ տարվանից Հայաստանում բջջային համարների փոխարկելիության (number portability) ներդրումն, անշուշտ, առավել կսրի շուկայում մրցակցությունը և ընդգծել, որ «ԱրմենՏել»-ը դեմ չէ նման ծառայության ներդրմանը:Միևնույն ժամանակ, սակայն, Անդրեյ Պյատախինը կարևորել է այս գործընթացի մանրակրկիտ մշակումը:

Հատկանշական է, որ Անդրեյ Պյատախինը անդրադարձել է նաև «ԱրմենՏել»-ի նախկին Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի պաշտոնավարման տարիներին «ԱրմենՏել»-ի գրանցած արդյունքներին և որպես լավագույն ձեռքբերում նշել սպասարկման գրասենյակների ցանցի ընդլայնումն ու զարգացումը, իսկ որպես բացթողում՝ կաբելային հեռուստատեսության ծառայության գործարկման հետաձգումը:

Նշենք, որ Անդրեյ Պյատախինը ստանձնել է իր պաշտոնական պարտականությունները սույն թվականի հունիսի 19-ից:

Share