Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է ՑԱԾՐ ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար:

Հիմնադրամի առաքելության ղեկավարն իր հերթին արդյունավետ է համարել ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի գործակցությունը գյուղատնտեսության ոլորտում. «Մենք տպավորված ենք գյուղատնտեսության զարգացման վերջին տարիների առաջանցիկ տեմպերով: Չենք թաքցնում, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մենք այսպիսի զարգացումներ չէինք ակնկալում և ուրախ ենք, որ սխալվել ենք»,- նշել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: 

Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան առաքելության ղեկավարը գյուղատնտեսության նախարարին հայտնել է, որ Հայաստանը հաղթահարել է ցածր եկամուտ ունեցող երկրի կարգավիճակը և այսօր իր ցուցանիշներով դասվում է զարգացող երկրների շարքին:

Հյուրը ցանկացել է տեղեկանալ մայիսի 12-ի կարկտահարության հետևանքների մասին, այն դիտարկելով շոկային` գյուղատնտեսության ցուցանիշների առումով: Սակայն նախարարը ԱՄՀ-ի հայաստանյան պատասխանատուին հայտնել է, որ կարկտահարությունը չի ազդի ոլորտի հիմնական ցուցանիշների վրա, և գյուղատնտեսության առաջանցիկ տեմպերը կպահպանվեն:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ գյուղատնտեսության ներկա վիճակին, զարգացման ծրագրերին, պարենային ինքնաբավության ու սննդամթերքի անվտանգության խնդիրներին:

Share