Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ. «ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԻՑ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԿԱՄ ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ԱՌԻԹ ՉՈՒՆԵՆՔ»

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:

Քննարկման շրջանակներում Սերժ Սարգսյանն խոսել է կոնկրետ հարցերի մասին և իր դիտարկումներն ուղղել տարբեր կառույցների ղեկավարներին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանը հորդորել է Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծման հարցում լինել արագ, բաց և թափանցիկ. «Մենք որևէ փաստից վախենալու կամ մտահոգվելու առիթ չունենք: Այս խնդիրները՝ լինեն դրանք կառուցվածքային, լինեն դրանք քրեական բնույթի կամ որևէ այլ, պետք է լուծվեն և պետք է լուծվեն արագ: Կա՞ն պրոբլեմներ, որտեղ գերատեսչությունների ղեկավարները կամ կառավարությունը դժվարանում են կողմնորոշվել՝ սա քրեակա՞ն բնույթի է, թե՞ զուտ կազմակերպչական, արագ ուղարկեք համապատասխան մարմիններ: Դա կլինի Ձեր ամենաճիշտ, ամենալավ պատասխանը հնչող քննադատություններին»:

Նախագահի խոսքով՝ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ենթադրում են պարտադիր լուծումներ .«Սրանք ոչ թե լսել-առաջ անցնելու համար են, ոչ թե տարբեր շրջանակներում քննարկելու համար են, այլ իրավիճակն ուղղելու համար են»:

Հանձնարարվել է պահպանել էլեկտրոնային գնումների դաշտում առկա խնդիրների վերացման համար սահմանված ժամկետները, ապահովել սահմանված կարգով գնումների հաշվետվությունների ստացումը, վարումն ու հրապարակումը, ինչպես նաև գնումների աջակցման կենտրոնի, ֆինանսների նախարարության և պատվիրատուների համակարգված գործունեությունը, կրճատել բոլոր պատվիրատու կազմակերպությունների կողմից մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը:

Share