Բաժին. Տնտեսական

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԻՆ ՇՊԻԼՄԱՆԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին:

Կառավարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման շրջանակներում կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Շպիլմանի այցը կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը:

«Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, որոնք վեր են հանել մեր երկրի օրենսդրական բացերը, մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Այդ տեսակետից, մենք մեծապես կարևորում ենք երկկողմ համագործակցության սերտացումը»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ: Վարչապետը փաստել է, որ քաղաքացիական հասարակության կայացման գործում առկա են շոշափելի արդյունքներ, ինչն արձանագրել է նաև ընդդիմությունը:

Իր հերթին, Դին Շպիլմանը ևս կարևորել է Հայաստանի հետ երկխոսության զարգացումը և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն կստանա որակական նոր մակարդակ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ամուր հիմքերի ստեղծմանը, արդարադատության ոլորտին, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից քննվող տարբեր գործերին առնչվող հարցեր:

Share