Բաժին. Տնտեսական

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ԼԱՏՎԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Ռիգայում տեղի է ունեցել Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի գլխավորությամբ:

Էկոնոմիկայի նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանձնաժողովի համանախագահը հայկական կողմից եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, լատվիական կողմից` ԼՀ էկոնոմիկայի նախարար Դանիել Պավլյուտը:

Համատեղ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական, ներդրումային, ֆինանսական, մշակութային, գյուղատնտեսության, առողջապահության և տարածքային կառավարման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ԵՄ-ի հետ ընթացիկ համագործակցությանն, ինչպես նաև Հայաստանի և Լատվիայի միջև գործարար կապերի խորացմանն առնչվող հարցերը:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի է ունեցել Հայ-լատվիական գործարար խորհրդի նիստը:

Հանձնաժողովի առաջին նիստի արդյունքում ստորագրվել են` նիստի Արձանագրությունը և Հայ-լատվիական գործարար խորհրդի Կանոնակարգը:

Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է համաձայն «ՀՀ կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» Համաձայնագրի, որը ստորագրվել է 2009թ. դեկտեմբերի 10-ին:

Share