Բաժին. Տնտեսական

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանից եվրոպական երկրներ է արտահանվել 207,6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:

Ըստ պաշոտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկիրն առավել մեծ տեմպերով ընդլայնել է արտահանումն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իտալիան, Հունգարիան և Ավստրիան: Այսպես, Հայաստանից Իտալիա արտահանումն աճել է 5.6 անգամ: Հունգարիա արտահանումն աճել է 4.4 անգամ: Հայաստանից Ավստրիա արտահանումն աճել է 3.3 անգամ:

Հատկանշական է, որ չնայած այս երկրների մասով գրացված աճի բարձր ցուցանիշներին, արտահանման ոլորտում վերջիններիս հետ իրականացվող գործառնությունների ծավալը դեռևս բավականին փոքր է:

Արտահանման ոլորտում Հայաստանի գլխավոր առևտրային եվրոպական գործընկեր-երկրները շարունակում են մնալ Բելգիան, Բուլղարիան և Գերմանիան: Հունվար-մայիս ամիսների արդյունքներով Բելգիային բաժին է ընկել Հայաստանի արտահանման ծավալի 12.3%-ը (69,1 մլն ԱՄՆ դոլար), Բուլղարիային՝ 9.6%-ը (53,7 մլն ԱՄՆ դոլար), իսկ Գերմանիային՝ 5.8%-ը (32,5 մլն ԱՄՆ դոլար):

Նշենք, որ այս տարվա առաջին հինգ ամսվա արդյունքներով Եվրոպական միությանն, ընդհանուր առմամբ, բաժին է ընկել Հայաստանի արտահանման ծավալի 37.0%-ը:

Share