Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՄՆ-Ի ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՉԻ ԳԵՐԱԶԱՆՑԻ 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ

Ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կկրճատվի և կկազմի մոտ 759 մլրդ ԱՄՆ դոլար: Նման կանխատեսում է ներկայացրել Սպիտակ տունը:

Հատկանշական է, որ հրապարակված ցուցանիշը շուրջ 200 մլրդ ԱՄՆ դոլարով ավելի քիչ է, քան ավելի վաղ՝ շուրջ երեք ամիս առաջ ներկայացված կանխատեսումը:

Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ բյուջեի պակասուրդի սպասումների մասով գրանցված դրական դինամիկան նախ և առաջ պայմանավորված է ամերիկյան տնտեսության ընդհանուր իրավիճակի բարելավմամբ և պետական բյուջեի լրացուցիչ մուտքերի ավելացմամբ:

Նշենք, որ 2013 ֆինանսական տարին ԱՄՆ-ում կամփոփվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, և եթե կանխատեսումները համապատասխանեն իրականությանը, ապա կստացվի, որ Բարաք Օբամայի նախագահության ողջ ընթացքում առաջին անգամ ԱՄՆ բյուջեի պակասուրդը չի գերազանցի 1 տրիլիոն ԱՄՆ դոլարը:

Սպասվում է, որ ընթացիկ տարում Սպիտակ տունը կշարունակի իր որդեգրած՝ ծախսերի կրճատման քաղաքականությունը:

Ըստ կանխատեսումների՝ 2013 թվականի արդյունքներով ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կաճի 2%-ով, իսկ 2014 թվականին՝ 3,1%-ով:

Share