Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՏՐԱՆՇԻՆ

Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը հաստատել է առաջիկա  մի քանի շաբաթվա ընթացքում ֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում Հունաստանին նոր վարկային միջոցների տրամադրումը: Սպասվում է, որ մոտ ապագայում Հունաստանն իր վարկատուներից կստանա 4 մլրդ եվրո:  Այս միջոցներից 2,5 մլրդ եվրոն Հունաստանը կստանա ֆինանսական կայունությանը եվրոպական EFSF հիմնադրամից, 1,5 մլրդ եվրոն՝ Եվրոպական կենտրոնական բանկից:  

Նշենք, որ վարկային տրանշի ընդհանուր ծավալը կազմում է 6,8 մլրդ եվրո: Նախատեսվում է, որ սահմանված պայմանների կատարումն ապահովելու դեպքում Հունաստանն արդեն հոկտեմբերին EFSF-ից և ԵԿԲ-ից կստանա վարկային տրանշից ևս 1 մլրդ եվրո: Մնացյալ 1,8 մլրդ եվրոն երկիրը կստանա Արժույթի միջազգային հիմնադրամից:

Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հունաստանի տնտեսությունում նկատվում են չնչին, բայց, այնուամենայնիվ, դրական փոփոխություններ. երկրի ղեկավարությունը ձեռնարկում է բարեփոխումների համար անհրաժեշտ քայլեր, որոնք արդեն իսկ հանգեցրել են բյուջեի ցուցանիշների փոքր-ինչ կայունացմանը և բանկային ոլորտի ամրապնդմանը:

Միևնույն ժամանակ, Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները Հունաստանին կոչ են անում հնարավորիս արագ ապահովել պետական ոլորտում աշխատատեղերի կրճատման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը:

Share