Բաժին. Տնտեսական

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ «ԻՐԵՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է». ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

2013 թվականի հունվար-մայիս ամիսներին եկամտային հարկի գծով պետական բյուջե է  մուտքագրվել շուրջ 86.9 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսներին նախորդ  տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 12.4 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ և 6.7 մլրդ դրամ եկամտահարկ:

ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ եկամտային հարկից ստացված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 24%-ով կամ շուրջ 20.5 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը:

Հիշեցնենք, որ 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական՝ եկամտային հարկ:

2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 4.1 մլրդ դրամ:

Share