Բաժին. Տնտեսական

ԱԶԲ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԿԻՐ Է՝ ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՄՁ-ՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Քսիաո Ժաոյին:

Կառավարության Մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ հանդիպման շրջանակներում վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար: «Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաև առաջ ենք տանում մեր հիմնական` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», – նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը կարևորել է, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն գործարար համաժողովի անցկացումը` մասնավոր հատվածին մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար:

ԱԶԲ փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարների հետ հանդիպումների վերաբերյալ: Նա տեղեկացրել է նաև, որ այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի իրականացման վայրեր և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱԶԲ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին, տեխնիկական աջակցության տրամադրմանը և խորհրդատվական ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր:

Քսիաո Ժաոն նշել է, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է հարաբերությունների շարունակակության հարցում և պատրաստ է անել ավելին` երկրում ներդրումային միջավայրը բարելավելու և լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար: Նրա խոսքով` Հայաստանն օրինակելի երկիր է ՓՄՁ-ների և կանանց ձեռնարկատիրության ծրագրերի գերազանց իրականացման առումով, ինչի համար արժանացել է ԱԶԲ-ի բաժնետերերի բարձր գնահատականին:

Share