Բաժին. Տնտեսական

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Հուլիսի 9-ին Երևանում տեղի է ունեցել հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը, որը  համանախագահել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը: Նիստի աշխատանքներին մասնակցել են հայ և ռումինական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Նիստի բացման խոսքում  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերն ունեն զարգացման հեռանկարներ: Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին, չնայած երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, առևտրատնտեսական համագործակցությունը զարգանում է ոչ կայուն ռիթմով, և երկկողմ առևտրի ցուցանիշները գտնվում են բավականին ցածր մակարդակի վրա: Ըստ նախարարի՝  նիստի արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները դրական ազդեցություն կունենան երկու բարեկամական պետությունների միջև տնտեսական և մշակութային համագործակցության որակական նոր մակարդակի բարձրացման գործում:

Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացումը կնպաստի հայ-ռումինական միջպետական կապերի էլ ավելի ամրապնդմանը: Նրա խոսքով՝  պետք է նախևառաջ օգտագործել այն ավանդական կապերը, որոնք պատմության ընթացքում ձևավորվել են ռումին և հայ ժողովուրդների միջև:

Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նպատակն էր՝ նպաստելու երկու երկրների կառավարությունների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանը, ստեղծված հարաբերությունների ամրապնդմանը  տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության,  փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության բնագավառներում, ինչպես նաև՝ առևտրաարդյունաբերական պալատների միջև:

Նիստում նշվել է, որ Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման համար ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, երկկողմ համաձայնագրեր են ստորագրված հնարավոր համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում:

Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի ավարտին նիստի համանախագահներ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը ստորագրել են համատեղ Արձանագրություն:

Share