Բաժին. Տնտեսական

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Հուլիսի 9-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը` ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների եւ ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության տնտեսական համագործակցության վարչության պետ Էդուարդ Փանոյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀ արդյունավետության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզներում կազմակերպության դերի եւ հեղինակության բարձրացումը:

Էդուարդ Փանոյանն ավելացրել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում է նաեւ կազմակերպության հարակից մարմինների, դիտորդների, բնագավառային երկխոսության գործընկերների եւ գործարար շրջանակների հետ համագործակցության հետագա զարգացումը:

Նիստի արդյունքում հաստատվել է ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության վեց ամսվա օրացույցը, որն ընդգրկում է կազմակերպության անդամ-երկրներում նախատեսվող 60-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ:

Share