Բաժին. Տնտեսական

ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՀԻՄՆՎԻ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման շրջանակներում Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները կարող են միայն դեպի առաջ ընթանալ:

«Իհարկե, դժվար է ամեն անգամ առաջ գնալ, երբ արդեն բարձր մակարդակի հարաբերություններ են, բայց երկուստեք ցանկության դեպքում` կարելի է գտնել զարգացման նոր հնարավորություններ», – նշել է նախարարը` իր գոհունակությունը հայտնելով առ այն, որ Իրանի դեսպանը միշտ ակտիվ աշխատում է Հայաստանի կրթական հաստատությունների հետ և լավ տեղեկացված է իրանցի ուսանողների խնդիրներով:

Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ մի շարք հայաստանյան բուհեր ներկայումս անցնում են եվրոպական հավատարմագրման գործընթաց` կրթության որակի բարելավման ուղղությամբ իրականացնելով հետևողական ջանքեր, որը, ըստ նախարարի, նպատակ ունի կրթությունը գրավիչ դարձնել նաև օտարերկրյա, այդ թվում` իրանցի ուսանողների համար:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել` իրանցի ուսանողների խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև բուհերի ղեկավարների պատրաստակամության համար: Մոհամմադ Ռեյիսիին ընդգծել է, որ իր հետ զրույցում իրանցի ուսանողները շեշտում են վերջին տարիներին Հայաստանի բուհերում կրթության որակի էական տարբերության և արձանագրված առաջընթացի առկայությունը: Դեսպանը նաև նշել է, որ Իրանը գիտահետազոտական ոլորտում կուտակել է մեծ առաջընթաց  և  պատրաստ է իր փորձը փոխանցել բարեկամ երկրներին:

Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համատեղ ուսումնական հաստատություն հիմնելու գաղափարը, որը, ըստ հանդիպման մասնակիցների, կարևոր խնդիր է, քանի որ եթե առկա են կրթական և մշակութային կապեր, ապա շատ ավելի հեշտ են հաջողվում քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Նախարարն այդ առիթով ընդգծել է, որ այլ երկրների հետ համագործակցության օրինակը ցույց է տալիս, որ համատեղ ուսումնական հաստատությունը նպաստում է երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դիպլոմների փոխճանաչման, ԵՊՀ-ում իրանագիտության զարգացման, աշակերտների և ուսանողների փոխայցելության, ինչպես նաև պարսկերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման նպատակով անհրաժեշտ դասընթացներ անցկացնելու հնարավորության և պարսկերենի նոր դասագրքերի տրամադրման հետ կապված հարցեր:

Share