Բաժին. Տնտեսական

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՌԻԳԱՅԻ ԱՂԲԱՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչողական այցով եղել է Ռիգայի «Գետլինի» աղբավերամշակման գործարանում:

Նախորդ դարի 70-ական թվականներին Գետլինյան ճահիճները եզերող հատվածում ստեղծված աղբավայրում 1998թ.-ից կառուցվել է աղբավերամշակման գործարան, որն այսօր համարվում է Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր աղբավայրերից մեկը:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ այցի շրջանակներում գործարանի տնօրեն Իմանտս Ստիրանսը քաղաքապետին մանրամասն ներկայացրել է աղբի վերամշակման ողջ գործընթացը, ինչպես նաև դրա ճիշտ կազմակերպման գործնական արդյունավետությունը: Ըստ այդմ, «Գետլինին» այսօր էկոլոգիական մի շարք ուղղություններով բավականին յուրօրինակ արդյունքներ է գրանցել: Աղբավերամշակման գործարանն ընդունում է ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ:

Վերամշակման չենթարկվող աղբի պարագայում, այն տեղավորվում է հերմետիկ կենսամիջավայրում, որում առաջացող գազն այնուհետ նույնպես տեղափոխվում է էներգաբլոկ: Տնօրենի խոսքով՝ գործարանի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով այժմ քայլեր են արվում առաջիկայում գործարանի տարածքում նաև աղբի տեսակավորման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ:

Share