Բաժին. Տնտեսական

ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԼԻՆԻ ՈՉ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հագուստ արտադրող և վաճառող ամերիկյան ընկերությունները ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ նախատեսվում է բարելավել Բանգլադեշի կարի արտադրամասերում աշխատանքի պայմանները:

Associated Press-ը հաղորդում է, որ համաձայնագիրը, որը ստորագրել է 17 ընկերություն, սահմանում է, որ մեկ տարվա ընթացքում այս ընկերությունները պետք է ուսումնասիրություններ իրականացնեն իրենց համար հագուստ արտադրող կարի գործարաններում և պարզեն տեխնիկական անվտանգության ապահովան մակարդակն ու աշխատանքի պայմանները:

Բացի այդ, նախատեսվում է շուրջ 42 մլն ԱՄՆ դոլար ուղղել Բանգլադեշի կարի գործարաններում նոր ստանդարտներ ներդնելու համար: Գործարաններին կտրամադրվի նաև 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ աշխատանքի պայմանները բարելավելու համար:

Համաձայնագիրը ստորագրած ընկերությունների շարքում են նաև Wal-Mart-ը, Gap-ը և Target-ը:

Նշենք, որ ընթացիկ տարվա հունիսին Բանգլադեշի կարի արտադրամասերի մի քանի հարյուր աշխատակից թունավորվել էր աղտոտված ջրից, իսկ ապրիլին փլուզվել էր ութ հարկանի Rana Plaza համալիրը, որտեղ գործում էին կարի արտադրամասեր:

Ինչպես տեղեկացնում է Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը՝ «Պատրաստված է Բանգլադեշում» մակնշումը հագուստ արտադրող ընկերությունների համար ապահովում է զգալի եկամուտ. Բանգլադեշում մեկ դերձակը մեկ ժամում աշխատում է 0,38 եվրո, մինչդեռ Եվրոպայում դերձակի աշխատավարձն ավելի քան 50 անգամ բարձր է:

Share