Բաժին. Տնտեսական

ՀՌՈՄՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հռոմում տեղի է ունեցել «Իտալական ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողով:

Համաժողովին, որը կազմակերպել էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, «Global Business Services» իտալական կազմակերպությունը եւ Զարգացման հայկական գործակալությունը, մասնակցել են զբոսաշրջության, դեղագործության, հաստոցաշինության, ապահովագրության, սննդի վերամշակման, փոստային ծառայությունների, կահույքագործության ոլորտներում ներգրավված շուրջ 60 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ:

Արտաքին գործերի նախարարության Մամուլի ծառայությունից տեղեկանցում են, որ համաժողովի մասնակիցներին ներկայացվել են Հայաստանում առկա բիզնես միջավայրը, Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները եւ հիմնական ոլորտները, ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային եւ մաքսային քաղաքականությունը, բիզնեսի զարգացման եւ ներդրումների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով կատարելագործվող իրավական դաշտը, ինչպես նաեւ Հայաստանում ստեղծված ազատ առեւտրի գոտիների համատեքստում բիզնեսի զարգացման հնարավորությունները:

Համաժողովի ընթացքում մասնակիցները տեղեկացվել են հայաստանցի գործարարների հետ անմիջական կապեր հաստատելու նպատակով «Global Business Services» կազմակերպության նախաձեռնությամբ անցած տարվա սեպտեմբերից մեկնարկած իտալացի գործարարների` Հայաստան կազմակերպվող պարբերական բիզնես-առաքելությունների մասին:

Share