«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում-2025» զեկույցին։
Այսպես՝ 2025թ. Հայաստանը էներգիայի վերափոխման 54.3 միավոր ինդեքսով (ԷՎԻ) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 118 երկրների թվում զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը։
Հայաստանի 2025թ. վարկանիշային դիրքը նույնն է, ինչ 2016-ին։ Այսինքն՝ Հայաստանը, 2025-ի Զեկույցով գրանցված դիրքով, 9 տարի առաջվա համեմատ, առաջընթաց չի ունեցել։
2015թ. համեմատ Հայաստանի ԷՎԻ-ն փոքր-ինչ աճել է (ինչպես երկրների ճնշող մեծամասնության դեպքում), սակայն գրանցվել է վարկանիշային դիրքի 5 հորիզոնականով նահանջ։ Պատճառն այն է, որ Հայաստանի առաջընթացն ավելի դանդաղ է եղել, քան երկրների մեծ մասինը. 2015-2025թթ. ժամանակահատվածում ԷՎԻ-ի համաշխարհային միջին մեծության աճը՝ 3.7 միավոր, շուրջ 1.5 անգամ ավելի է եղել, քան Հայաստանի ԷՎԻ-ի աճը (2.5 միավոր)։
2023-2025թթ. ժամանակահատվածում ԷՎԻ-ի «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի «Կրթություն և մարդկային կապիտալ» ցուցիչը 2023թ. համեմատ նվազել է 5.2 միավորով, քանի որ կտրուկ նվազել է այդ ցուցիչի «Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքս» ցուցանիշը։ Իսկ դա այն ինդեքսն է, որով գնահատվում է երկրի՝ տաղանդներ (մարդկային կապիտալ) հավաքագրելու, զարգացնելու և պահպանելու կարողությունը: Ինդեքսի կտրուկ անկումն արժեզրկում է մարդկային կապիտալի ավելացման, ուղեղների արտահոսքի կանխման և որակյալ մասնագետների համար նպաստավոր պայմանների ստեղծման մասին գործող իշխանության կողմից պարբերաբար հնչեցվող բարձրագոչ հայտարարությունները։
Հայաստանի ԷՎԻ-ն շարունակում է բավական ցածր մնալ համաշխարհային միջինից: Ի դեպ, համաշխարհային միջինից ցածր են թե՛ «Համակարգի արդյունավետություն» և թե՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/cIG6L